Search
Close this search box.

«Հրապարակ». Ղազախստանում Կարեն Կարապետյանի խորհրդականի հայրը հյուպատոս է նշանակվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս Ղազախստանի Ակտոբե քաղաքում բացվել է Ակտյուբինսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը: Բացման արարողությունը բազմամարդ է եղել, մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ղազախ գործիչներ, նաեւ՝ գործարար շրջանակներից:

ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել տեղի հայտնի համայնքային գործիչ եւ գործարար Հայկ Տերտերյանը՝ վարչապետ Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մհեր Տերտերյանի հայրը: Մ. Տերտերյանը, ով Ակտոբեում գործող «Պարիժսկայա կոմունա» ՍՊԸ-ի տնօրենն է, Ֆեյսբուքում կիսառուսերեն-կիսահայերեն շնորհավորանք է հղել հորը․ «Отец, гордимся тобой и любим! Բարով ծառայես մեր Երկրին!»:

Հյուպատոսությունը, նկատենք, զուտ ներկայացուցչական մարմին է (իրավասու չէ փաստաթղթեր ստորագրել, կնքել եւ այլն), համագործակցելու է Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ: Նշենք, որ Ակտյուբինսկի մարզում շուրջ 3 հազար հայ է ապրում, Ղազախստանում (նաեւ՝ Ղրղզստանի Հանրապետությունում եւ Աֆղանստանի ԻՀ-ում) ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ ԱԺ նախկին փոխնախագահ (1995-98 թթ.) Արա Սահակյանն է:

Ղազախստանում հայտնի գործարար է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Դավիթ Վարագյանը, ով Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է (Վարագյան եղբայրներից մյուսն էլ՝ Խաչատուրը, Շիրակի մարզպետի տեղակալն է): Մենք հայտնել էինք, որ առաջիկայում Մեղրիում խաղատան ու հյուրանոցային համալիրի կառուցմամբ հետաքրքրված են ինչպես ռուս, այնպես էլ ղազախստանցի գործարարները եւ ծրագիրն իրագործվելու պարագայում այստեղ բազմամիլիոնանոց ներդրումներ են նախատեսում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: