Search
Close this search box.

Մահացած զինվոր Մոսիյանի սրտի 110 զարկը կարող էր վկայել սիրտ-անոթային խնդիրների մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ նոյեմբերի 21-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զորակոչային հանձնաժողովի սրտաբանի պաշտոնեական անփութության հետևանքով մահացած զինծառայող Ս. Մոսիյանի գործով վկաների հարցաքննությունը:

Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադևոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը: Երեկ կայացած դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Զորակոչային հանձնաժողովի նյարդաբան Մելանյա Մնացականյանն իր ցուցմունքում նշեց, որ սրտի հիվանդություն չունեցող անձի սրտի զարկերը չպետք է գերազանցեն 85-ը, իսկ հուզված վիճակում գտնվող մարդկանց մոտ, ինչպիսիք են զորակոչիկները, այն կարող է հասնել 100-ի, բայց 110 զարկը, որն արձանագրվել է Ս. Մոսիյանի մոտ, արդեն կարող էր վկայել սիրտ-անոթային համակարգի խնդիրների մասին: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում հարցաքննված բժիշկներն իրենց ցուցմունքներով պնդել էին, թե 110 զարկը նորմայից շեղում չի համարվում:

Հաջորդ դատական նիստին ևս կշարունակվի վկաների հարցաքննությունը: Այն նշանակված է 2017 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին: