Search
Close this search box.

Աղմկոտ սպանության գործով քրեական հեղինակություն Տլեի եղբայրը բերման կենթարկվի

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց անցած տարի «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:

Գործով անցնում են քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան), Չարբախցի Գեղամը (Պետրոս Իսրայելյան) եւ Բդոն (Արմեն Գասպարյան):

Այս փուլում դատարանը հարցաքննում է գործով անցնող վկաներին: Նրանցից երկուսին դատարանն այսօր բերման ենթարկելու որոշում կայացրեց: Մասնավորապես, նրանցից մեկը «Երրորդմասցի» Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով ամբաստանյալ Տլե մականունով հայտնի Սարգսի Հախանումյանի եղբայրն է՝ Դավիթ Հախանումյանը: Վերջինս ըստ դատարանի՝ պատշաճ ծանուցվել է դատական նիստին ներկայանալու վերաբերյալ, սակայն չի ներկայացել:

Նշենք, որ դեպքի հաջորդ օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ին Դավիթ Հախանումյանը որպես վկա հարցաքննվել էր: Մեր տեղեկություններով, Հախանումյանը դեպքի պահին «Լիա» գեղեցկության սրահի մոտակայքում է եղել:

Մյուս վկան Արտավազ Մանուկյանն է. նրա վերաբերյալ ուղարկված ծանուցումը ետ էր ուղարկվել՝ բացակա նշումով: Դատարանը հաջորդ նիստին նրան եւս բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: