Search
Close this search box.

Պետդեպը հրապարակել է վիզաների մերժման վիճակագրությունը

Պետդեպը հրապարակել է օտարերկրացիներին ոչ միգրացիոն վիզաների տրամադրման հարցում մերժելու վիճակագրությունը։ Հայերին մերժում են 51.87 տոկոս դեպքերում։ 2016 թվականի համեմատ մերժումների թիվն ավելացել է 5.99 տոկոսով։

ԱՄՆ-ը սկսել է հաճախ մերժել նաև Ադրբեջանի քաղաքացիներին այցելության վիզաների տրամադրման հարցում։ Այս մասին ասվում է Պետդեպի պաշտոնական զեկույցում։ Այս տարի ադրբեջանցիներին մերժելու ցուցանիշը կազմում է 27.63 տոկոս։ Դա գրեթե կրկնակի ավելի է, քան անցած տարի, երբ մերժում է ստացել վիզայի համար դիմում ներկայացրած ադրբեջանցիների 14.83 տոկոսը։

Առավել վատ է իրավիճակը Վրաստանի քաղաքացիների հարցում, նրանք չեն ստանում վիզա 61.09 տոկոս դեպքերում։ 2016-ին պատկերն առավել վատ էր (62.82 տոկոս)։

Իրանցիների մերժման մասնաբաժինը կազմում է 58.66 տոկոս (աճը՝ 13.64 տոկոս), թուրքերինը՝ 17.86 տոկոս (աճը՝ 4.24 տոկոս)։

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա մերժումների մասնաբաժինը կազմել է 11.61 տոկոս։ Ցուցանիշը 2.3 տոկոսով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։ Սա առավելագույն ցուցանիշն է վերջին 10 տարում։

2017 թվականին ԱՄՆ-ը այցելության վիզաներ չի տրամադրել Միկրոնեզիայի և Արևմտյան Սահարային բնակիչներին (մերժումների մասնաբաժինը 100 տոկոս է)։

Ոչ մի մերժում չեն ստացել Անդորրայի, Լիխտենշտեյնի, Մոնակոյի և Սան-Մարինոյի քաղաքացիները։ Չափազանց հազվադեպ են մերժումները Ավստրիայի, Բրունեյի, Հոնկոնգի, Իսրայելի, Մալայզիայի, Օմանի և Ուրուգվայի քաղաքացիների պարագայում։