Search
Close this search box.

Բողոքի ակցիա Սամվել Ալեքսանյանի հիվանդանոցի դեմ.

lragir.am կայքը գրում է. Առողջապահության նախարարության շենքի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել՝ դժգոհելով «Աստղիկ» բժշկական կենտրոնի գործունեությունից-գրում է : Հիշեցենք, որ այս բուժհիմնարկը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Օրերս բուժհիմնարկում դիալեզ ստացող քաղաքացիներին իրազեկել են, որ սեպտեմբերի 10-ից դիալեզի համար պետք է վճարեն, քանի որ պետպատվերը վերջացել է:
«Եկան ասեցին, որ վերևից ասել են, որ պիտի լինի վճարովի, 15 հազար դրամ մի դիալեզը: Բայց շատ դժվար ա մեզ համար, մենք ի վիճակի չենք վճարելու էդ գումարը», ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիվանդները պնդում են, որ բացի դիալեզից, այս հիվանդության համար անհրաժեշտ մնացած դեղորայքը իրենք են գնում, ինչը շատ թանկ արժե: Այնինչ, դա էլ պետք է պետպատվերով ապահովվեր:
«Գլխավոր բժիշկը եկավ ու ասեց՝ քանի որ գումարը չի փոխանցել նախարարությունը, հիվանդանոցն իր հաշվին մինչև սեպտեմբերի 10-ը կարող ա անի դիալեզ, բայց ամսի 10-ից հետո արդեն ի վիճակի չի: Ասեց՝ ով ցանկանում ա դիալեզ ընդունի, ինքը պետք ա վճարի 18 100 դրամ՝ երկու օրը մեկ», պատմեց մեկ այլ հիվանդ
Բուժհիմնարկի բժիշկները նաև հիվանդներին իրազեկել են, որ իրենք դատի են տվել Առողջապահության նախարարությանը՝ տարվա կեսին իրենց փաստի առաջ կանգնեցնելու համար:
Դիալեզով մոտ 200 հիվանդ է սպասարկվում «Աստղիկ» ԲԿ-ում: Հիվանդներն ասում են, որ առանց այն էլ սոցիալապես անապահով են, անգամ անհրաժեշտ սնունդը չեն կարողանում գնել: Դիալեզով հիվանդը պետք է մսամթերք շատ ուտի, անգամ դա չեն կարողանում գնել մարդիկ:
Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը զարմանալի է համարում «Աստղիկ» ԲԿ ղեկավարության պահվածքը: Նախարարության պաշտոնյան պարզաբանել է, որ ամեն բյուջեից որոշակի քանակությամբ հիվանդների համար դիալեզի գումար է հատկացվում: Տարեցտարի դիալեզով հիվանդների թիվը Հայաստանում ավելանում է, այս տարի ևս ավելացում է եղել:
«Հետևաբար, անհրաժեշտություն է լինում գումարներն ավելացնել ու վերաբաշխել: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ խնդիրները կուտակվում էին, տարեվերջին կատարվում էր վերաբաշխում, այս տարի որդեգել են քաղաքականություն, որ եկեք այս պահին միանգամից մտնենք կառավարություն, կառավարությունից գումար խնդրենք, որ բոլորը հանգիստ լինեն: Անցյալ շաբաթ կառավարությունը համապատասխան որոշմամբ տրամադրեց լրացուցիչ ավելի քան 200 մլն դրամ, որպեսզի մինչև տարեվերջ պահանջարկը բավարարվի»,- ասել է նախարարության պաշտոնյան:
«Աստղիկ» ԲԿ ղեկավարությունը, իմանալով քաղաքացիների բողոքի ակցիայի մասին, հայտարարել է, որ կառավորության որոշման մասին տեղյակ չեն եղել, երեկ են միայն իմացել, որ լրացուցիչ ֆինանսավորում է լինելու: Իսկ մինչ այդ գումարները սպառված են եղել, որոշ հիվանդներ ստիպված են եղել վճարել ծառայութան համար:
Դավիթ Մելիք-Նուբարյանն ի պատասխան այս հայտարարության ասել է. «Մի քիչ զարմացած ենք, թե ինչու հենց հիմա և դա այն ենթատեքստում, որ անցյալ շաբաթ հրապարակային լուսաբանվեց, որ կառավարությունը հաստատել է: Իսկ քաղաքացիների հայտարարության պահին որևէ գումար վերջացած չի եղել»: