Search
Close this search box.

Ժիրայր Սէֆիլյանի կոչը

Սասնա Ծռերի ազատությամբ մեկնարկել Հայրենիքի ազատագրումը

29 օգոստոսի 2017թ․,

Արմավիր ՔԿՀԴիմում եմ քաղաքական, հասարակական, քաղաքացիական, մշակութային և այլ ոլորտների հեղինակավոր գործիչներին, ովքեր գիտակցում են ստեղծված իրավիճակի օրհասականությունը և մտածում են կամ արդեն փորձում են ուղիներ գտնել վերահաս աղետը կանխելու համար։Վերջին տարիներին ձևավորված անհույս ու գորշ մթնոլորտում Սասնա Ծռերին հաջողվեց գրավել մեր ժողովրդի սիրտը։ Եվ այսօր Սասնա Ծռեր խմբավորումը վայելում է ժողովրդի սերն ու անվերապահ վստահությունը։ Դա անգնահատելի ձեռքբերում է, համազգային նշանակության բարոյահոգեբանական արժեք ու ռեսուրս։Ուստի հարկավոր է ոչ միայն աչքի լույսի պես պահպանել ու զարգացնել Սասնա Ծռերի նկատմամբ առաջացած սիրո ու վստահության ռեսուրսը, այլև այն լավագույնս օգտագործել հասարակական-քաղաքական ակտիվին համախմբելու, ժողովրդին ոտքի հանելու և պայքարի ասպարեզ բերելու համար։Այդ պատճառով Սասնա Ծռերի ազատության պահանջը կարող է դառնալ և պետք է դառնա այն համախմբող ու կազմակերպող գործոնը, որը կմեկնարկի Հայրենիքի ազատագրման շարժումը։

Զուգահեռաբար՝ երկրորդ պահանջը կարող է դառնալ Ժողովրդի վստահության կառավարության կազմավորումը, ինչն այն կամ այն տարբերակով պետք է հանգեցնի Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ական վերնախավի հեռացմանն ու երկրում համակարգային փոփոխությունների կատարմանը։Շատերիս, այդ թվում՝ Սասնա Ծռերի, առաջ քաշած համազգային օրակարգային հարցերը՝ Արցախի միացում, ապագաղութացում, Նոր (Կուր-Արաքսյան) Հանրապետություն, Անցումային փուլ, նոր Սահմանադրություն, առհասարակ՝ ժողովրդավարության և սահմանադրական կարգի հաստատում և այլն, կարող են համաձայնեցվել և լուծվել միայն Սասնա Ծռերի մասնակցությամբ և Ժողովրդի վստահության կառավարության համադրմամբ։

Ապստամբության իրավունքը և Սասնա Ծռերին օրենքի առաջ անպարտ ճանաչելը պարտադրելով՝ ճանապարհ կբացի նշված հարցերն ընդգրկող մեր ամենաընդհանրական օրակարգը՝ այս գաղութային համակարգը քանդելը և ազգային համակարգ ստեղծելը իրականություն դարձնելու համար։Բնականաբար, այս գործընթացը կարող է կազմակերպվել բացառապես արտահամակարգային ձևաչափով։ Եթե հարկ լինի գաղութային համակարգի հետ գործ ունենալ, ապա միայն նրան կամք պարտադրելու ձևով ու նպատակով։

Առանց Սասնա Ծռերի ազատության որևէ ընդդիմադիր նախաձեռնություն ի վերջո ոչ մի արդյունք չի տալու և ծառայելու է գաղութային վարչակազմի ու համակարգի տիրապետության երկարաձգմանն ու նպաստելու է մեր գոյութենական պրոբլեմների խորացմանը։

Ասվածը հաշվի առնելով, կոչ եմ անում նախաձեռնել Սասնա Ծռերի ու բոլոր քաղբանտարկյալների ազատության և Ժողովրդի վստահության կառավարության կազմավորման օրակարգով համաժողովրդական շարժում սկսելու գործընթաց և այդ նպատակով առաջին հերթին ստեղծել կազմակերպական մարմին։Գործընթացն սկսելուց հարկ կլինի աչքի առաջ ունենալ գաղութային վարչակազմին ժողովրդի կամքը պարտադրելու բոլոր հնարավոր մեթոդները և պատրաստ լինել ամեն տեսակ զարգացման, այդ թվում՝ բռնությանը բռնությամբ պատասխանելուն։