Search
Close this search box.

«Փաստ». Երեւանի «շուն սատկացնողը»՝ Վրաստանում ՀՀ դեսպան. Թիֆլիսում իրարանցում է սկսվելու

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հերթական ոչ դիվանագիտական կրթությամբ անձը նշանակվեց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանի մասին է, ով երկար տարիներ աշխատել է հարկային մարմիններում, Էլցանցում, «Կենտրոն–կանաչապատում»–ում, բայց ոչ երբեք՝ դիվանագիտության ոլորտում:

Իսկ նրա հիմնական զբաղմունք–բիզնեսը, ինչպես երեւանցիներն են ասում՝ Երեւանում «շուն սատկացնելն է»: Սադոյանին է պատկանում «Յուքնիգրաֆ–իքս» ընկերությունը, որն զբաղվում է Երեւանի թափառող շներով: Բյուջեից տարեկան կես միլիոն դոլարի փող է դուրս գրվում ու փոխանցվում այս կազմակերպությանը, որպեսզի մրցույթում միշտ հաղթող Սադոյանը վնասազերծի ու ստերիլիզացնի շներին:

Հետաքրքիր է, որ նա արդեն ութ տարի շարունակ փաստաթղթերով նույն թիվն է ցույց տալիս, թե իբր Երեւանում 46000 թափառող շուն կա: Բա, եթե ստերիլիզացնում են, շների թիվը չի պակասո՞ւմ:

Ի դեպ, կենդանիների պաշտպանության «Դինգո թիմ» կազմակերպությունը փաստում է, որ Մոսկվա քաղաքում գրանցված է ընդամենը 20000 թափառող շուն: Փաստորեն, մեր քաղաքի շները Մոսկվայի շներից կրկնակի շատ են, դեռ մի բան էլ՝ ավելի: Դե, դրա համար էլ կես միլիոն դոլար են տանում:

Ասում են, թե Սադոյանին դեսպան նշանակելուց Թիֆլիսում հաստատ իրարանցում կսկսվի: Թիֆլիսի շները քաղաքից կփախչեն»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: