Search
Close this search box.

Նոր գնած մեքենան առվի ջրով ջրած երեխայի հորը ստիպել են ծնկաչոք ներողություն խնդրել. Վլադիմիր Գասպարյանի եղբայրը մեղադրվում է խուլիգանության համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ քննվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի գործը:

Կարեն Գասպարյանը գործով ամբաստանյալ է, նրան մեղադրանք է առաջադրվել անչափահաս աղջկա ու նրա հայրիկի նկատմամբ բռնության գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ՝ Վարդավառի օրը, անմիջականորեն կապված է անչափահասների կողմից «ջրոցիով» Վարդավառը նշելու հետ:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ Վարդավառի տոնի օրը, տուժող աղջնակը հասակակից մի քանի երեխաների հետ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «Վարդավառի տոնին ընդունելի կանոններին համապատասխան ջրել են միմյանց», որի ընթացքում Կարեն Գասպարյանը «ԲՄՎ X3» մեքենայով ժամը 11-ն անց 30-ի սահմաններում երթևեկել է, և փողոցում տուժող աղջնակը իր ձեռքի տարայով ջրել է Գասպարյանի մեքենան:

Ըստ մեղադրանքի՝ «Կարեն Գասպարյանը համայնքի մյուս բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ իր առավելությունը ցուցադրելու նպատակով, ակնհայտ արհամարհանք դրսևորելով մարդկային համակեցության ընդունված ու Վարդավառի տոնի խորհրդով պայմանավորված վարքագծի կանոնների նկատմամբ, ցուցադրական կերպով մեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում, դրանով խոչընդոտներ է ստեղծել երթևեկող ավտոմեքենաների համար, իջել է ղեկից և ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը խուլիգանական դրդումներով, աղմկել է, իր մեքենան ջրած աղջնակին անվանել է «լակոտ, անդաստիարակ», այնուհետև ներքին բավարարություն չստանալով սեփական գործողություններից, բռնություն է գործադրել անչափահաս աղջկա նկատմամբ՝ աջ ձեռքով բռնել է պարանոցի հատվածից, սեղմել է դեպի գետին: Անչափահաս աղջկա հայրը՝ Ավետիքը, տան պատշգամբից ականատես լինելով Կարեն Գասպարյանի հիշյալ գործողություններին, նրա հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը դադարեցնելու նպատակով վերջինից պահանջել է թողնել զավակին և հեռանալ: Չհանդուրժելով իրեն կարգի հրավիրելուն ուղղված հորդորը, ընդգծելով իր հանցավոր վերաբերմունքը՝ Կարեն Գասպարյանը հայհոյանքներ է հնչեցրել Ավետիքի հասցեին, փորձել է բռնություն գործադրել երեխային օգնության հասած Ավետիքի նկատմամբ, բայց ներկաների միջամտությամբ վեճը դադարել է:

Շարունակելով հանցավոր վարքագիծը՝ Կարեն Գասպարյանը, իբր՝ հաշտվելու համար, սակայն իրականում իր փառասիրության մոլուցքին հագուրդ տալու, սեփական «ես»-ի առավելությունները ընդգծելու մոլուցքից դրդված և անչափահաս աղջկա հորը՝ Ավետիքին հասարակության մյուս անդամների ներկայությամբ նվաստացնելու դիտավորությամբ նույն օրը ժամը 13-ի սահմաններում հրավիրել է իր ամառանոց, որտեղ որդու, վերջինիս ընկերների, ամառանոցի պահակի, Ավետիքի եղբորորդու և հարևանի ներկայությամբ պահանջել է, որ Ավետիքը ծնկաչոք ներողություն խնդրի իրեն հակադրվելու համար՝ շեշտելով, որ ինքը դրանից բավականություն է ստանում:

Ավետիքը Կարեն Գասպարյանին պատկանող տարածքում գտնվելու, վերջինիս ու թվաքանակով գերակշռով նրա կողմնակիցների կողմից հնարավոր բռնության չենթարկվելու վախից դրդված՝ տեղի է տվել Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին՝ ծնկի գալով՝ ներողություն է խնդրել»:

Այս գործը դատական քննության է նշանակվել 2019 թվականի դեկտեմբերից:

2020 թվականի հունիսի 22-ին ամբաստանյալ Կարեն Գասպարյանի շահերի պաշտպան Ա. Թամրազյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու վերաբերյալ:

Իր միջնորդության մեջ պաշտպանը նշել է, որ ի սկզբանե Կարեն Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: 2019 թվականի հուլիսի 10-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

2018 թվականի նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած Համաներման ակտի համապատասխան դրույթը սահմանում է՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարված հանցագործությունների դեպքերով, որոնցով անձինք կարող են մեղադվել կամ մեղադրվում են ոչ ավելի, քան 4 տարի ազատազրկում նախատեսող հանցագործությունների կատարման համար՝ բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առկայությունը:

Այս գործով Կարեն Գասպարյանին մեղսագրված արարքը կատարվել է 2018 թվականի հուլիսի 8-ին: Համաներման ակտի՝ ուժի մեջ մտնելու պահին Կարեն Գասպարյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, որով ամենածանր պատիժը մինչև 2 տարի ազատազրկումն է:

Վարույթն իրականացնող մարմինը, ըստ պաշտպանի, ունենալով քրեական հետապնդումը բացառող հանգամանք, պարտականություն ուներ Կարեն Գասպարյանին պարզաբանելու, որ համաներման ակտի հիման վրա նրա նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել, բայց իր այդ պարտականությունը չի կատարել: Ըստ պաշտպանի՝ Գասպարյանի նկատմամբ ապօրինի հետապնդումը շարունակվել է, 2019 թվականի հուլիսի 10-ին վարույթն իրականացնող մարմինը Գասպարյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միակ նախապայմանը եղել է համաներման ակտի հիմքով քրեական հետապնդման չիրականացման դեմ վերջինիս առարկելը: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը իրավասու էր Կարեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավել բացառապես այն դեպքում, երբ նա ներկայացներ իր առարկությունը համաներման կիրառման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու դեմ:

Պաշտպանը նշել է՝ ակնհայտ է, որ համաներման ակտի առկայության պայմաններում Կարեն Գասպարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն այլևս չի ծառայում իր օրինական նպատակին՝ միաժամանակ հաշվի առնելով, որ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է 1 տարի 6 ամսից ավելի ժամանակով՝ ողջամիտ ժամկետների խախտմամբ, որի ընթացքում սահմանափակված է նրա ազատ տեղաշարժվելու և ՀՀ սահմանը հատելու իրավունքը, իսկ խափանման միջոցը կիրառելու պահին, ինչպես նաև դրանից հետո քրեական գործում բացակայում են փաստական տվյալներ, որ Գասպարյանը հնարավոր է՝ դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ, ուստի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը ենթակա է վերացման:

Ամբաստանյալը միացել է պաշտպանի միջնորդությանը, իսկ գործով մեղադրողն ու տուժողը առարկել են միջնորդության դեմ: Մեղադրողը նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին պարզաբանել է համաներման ակտի կիրառելիությունը, և Կ. Գասպարյանի համաձայնությունը չի ստացվել համաներման ակտի կիրառման վերաբերյալ: Դատարանում էլ ամբաստանյալի շահերի պաշտպանը հայտնել է, թե առարկում են համաներման ակտի կիրառման դեմ: Մեղադրողը նշել է, թե Կ. Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը չեն վերացել, այն վերացնելու հիմքեր առկա չեն:

Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով որպես պատիժ՝ նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ից 300-ապատիկի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը՝ 2 տարի ժամկետով:

Դատարանը արձանագրել է, որ Կ. Գասպարյանը նախկինում դատապարտված չի եղել, նրա նկատմամբ երբևէ համաներում չի կիրառվել: Նրա կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու՝ դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն ունենալու կամ վարույթն իրականացնող մարմնից՝ դատարանից թաքնվելու հավանականությունը էապես նվազել է, ուստի նրա նկատմամբ ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը պետք է վերացնել:

Պաշտպանի միջնորդությունը բավարարվել է:

Կարեն Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:

Գործով դատական քննությունը շարունակվում է:

Եթե ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը առարկում են համաներման ակտի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուրեմն՝ ակնկալում են արդարացման դատական ակտ: Իսկ եթե դատական քննության ավարտին դատարանը կայացնի մեղադրական դատական ակտ, ապա, միևնույնն է, ամենայն հավանականությամբ, Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառման վերաբերյալ որոշում է կայացնելու…

Պաշտպանական կողմը Կարեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը անհիմն համարելով՝ նշել է, որ խուլիգանությունն առանց շարժառիթի հանցագործություն է, իսկ տվյալ դեպքում շարժառիթ է եղել. նոր գնված մեքենան առվից վերցված ջրով ջրելը առիթ է հանդիսացել, որ վարորդը զայրանա ջրող երեխայի վրա:

Պաշտպանական կողմը նշել է, որ միջադեպի տեսագրությունը դատարանում հետազոտվել է, անչափահաս աղջկա նկատմամբ բռնության գործադրում տեսանյութում առկա չի եղել, երեխային միայն խոսքով է դիտողություն արվել, ինչից հետո ամբաստանյալը վեճի է բռնվել երեխայի հոր հետ: Պաշտպանական կողմը նշել է, որ երեխայի հորն ամառանոց է կանչել ոչ թե ամբաստանյալը, այլ նրա որդին, որը ոստիկանության աշխատակից է եղել այդ ժամանակ, հենց ամբաստանյալի որդին է ապտակել երեխայի հորը՝ հնչեցրած հայհոյանքի պատճառով…

Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 28-ին: