Search
Close this search box.

Արտակարգ դրության պայմանները փոխվել են.միտինգները կթույլատրվեն,երգիչները կերգեն, սահմանները կբացվեն

Արտակարգ դրության երկարաձգման հարցով հրավիրված ԱԺ հատուկ նիստում, ներկայացնելով, այդ մասին այսօր կառավարության ընդունած որոշումը, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ այսօր արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ։

Ավինյանը նշեց, որ կորոնավիրուսի տարածվածության պաշտոնական վիճակագրությունը լավատեսական կանխատեսումների հույս է տալիս։

Դրանից ելնելով` ՀՀ կառավարությունը, թեև երկարաձգում է մարտի 16-ից ՀՀ–ում գործող արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով, բայց միաժամանակ որոշ մեղմացումներ է սահմանում։
Այսպես, ըստ Ավինյանի, կառավարությունը որոշել է վերացնել մշակույթի ոլորտում սահմանված որոշ արգելքներ։ Օրինակ` թատերական ու համերգային միջոցառումներն այսուհետ կարող են անցկացվել, բայց միայն բացօթյա տարածքներում։

Ռեստորանային երգիչներին ևս իրավունք կտրվի աշխատել, բայց միայն ռեստորանների բացօթյա տարածքներում։

Փոխվարչապետը նշեց նաև, որ վերացնելով օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար արդեն 6 ամիս սահմանված արգելքը` կառավարությունը հույս ունի, որ դա լրացուցիչ ուղևորահոսքերի խթան կհանդիսանա, ինչն էլ իր հերթին կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը։

«Անկախ նրանից` օդային ուղևորափոխադրումները կվերսկսվեն, թե կիրականացվեն չարտերային չվերթեր, նախատեսվում է սահմանել ժամանող ուղևորահոսքի որոշակի սահմանաչափ»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ օրական ուղևորահոսքի սահմանաչափը կսահմանվի ուղևորափոխադրող ընկերությունների հետ այս պահին ընթացող բանակցությունների արդյունքում։

Փոխվարչապետը հայտնեց նաև, որ օգոստոսի առաջին տասնօրյակում «Զվարթնոց» օդանավակայանի օրական ուղևորահոսքը կազմել է 450 մարդ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանինը` 500։

ՀՀ քաղաքացիներն այլ երկրներ մեկնելու հնարավորություն կստանան տվյալ երկրի իշխանությունների որոշմամբ` պայմանավորված տվյալ երկրի համաճարակաբանական վիճակով։
Նշենք, որ այսօր կառավարության նիստում, ներկայացնելով որոշմամբ նախատեսված մեղմացումները, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նաև հայտնել էր, որ նախատեսվում է վերացնել օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը։

Վերացվում է նաև ՀՀ տարածքում հանրահավաքների ու զանգվածային միջոցառումների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ ու որոշակի կանոնների պահպանման կարգով, այն է` դիմակների պարտադիր դնումն ու սոցիալական հեռավորության պահպանումը։
Ընտանեկան միջոցառումների արգելքը ևս հանվում է, բայց մասնակիցների առավելագույն թիվ է սահմանվում մինչև 40 անձ։

Վերացվում է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումը։ Իսկ վարակակիրների հայտնաբերման համար էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է վարակակիրների ու ինքնամեկուսացածների հայտնաբերման մեխանիզմը` 14-օրյա ժամկետի կտրվածքով։