Search
Close this search box.

Խոշոր ու ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Hyundai Elantra և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ փրկարարական ջոկատը:

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երեքին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, և օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։