Search
Close this search box.

Ես էլ գիտեի՝ համեստությունը ընտանի կենդանի է… Մանասե

Ես էլ գիտեի՝ համեստությունը ընտանի կենդանի է…

Չեխովը կասկածում էր, թե 20 տարի անց իրեն ընթերցելու են: Մի քիչ այլ կերպ Չեխովին կրկնում է Վասիլի Բիկովը.- Տարակուսում եմ՝ գալիք սերունդները Դոստոևսկի և Տոլստոյ են ընթերցելու, էլ ո՞ւր մնաց ինձ:

Թումանյանն է, չէ՞,եթե չեմ սխալվում, ասել, եթե իրենից մեկ-երկու բանաստեղծություն մնա, նա իրեն երջանիկ կհամարի: Ինչքան հիշում եմ` այսպիսի մի խոստովանություն էլ Գյոթեն է արել: Գրով արտահայտվելու անբավարարվածությունից մի պահ Սարտրի համար ատելի էր «գրող լինելու այդ անիծյալ կոչումը» /Էրիխ Կոշի արտահայտությունն է և նույնանուն վերնագրված նրա էսսեն/:

Ուշ շրջանի Տոլստոյը «ջնջեց» իր ողջ գրականությունը: Ուշ շրջանի Ֆոլքները սարսափում էր,երբ իր անվանն էր հանդիպում իր գրվածքների տակ: Ավելի, կամ պակաս, նույն զգացողությունը ուներ Բորխեսը:

«Ուշ շրջանի» Գոգոլին թվում էր, թե ինքը միշտ էլ վատ է գրել ու ամբողջ զայրույթը թափեց «Մեռած հոգիների» 2-րդ հատորի վրա` այրելով այն:

Իր գրի հանդեպ նույնպիսի թերհավատությամբ էր լցված Բլոկը կյանքի վերջին 5 տարիներում: Երկար բուժվում էր դեպրեսիայից: Այդպես հիվանդագին կասկածամիտ էր իր ժառանգության հանդեպ Կաֆկան, հայտնի է ձեզ` ի՞նչ «կտակեց» ընկերոջը…: Նրանից առաջ Ջեկ Լոնդոնը այնքան խորացավ իր ձախողված լինելու երևակայումներում, որ դա իր ինքնասպանության պատճառներից մեկը դարձավ: Ջեկ Լոնդոնին զուգահեռ վերցրեք Հեմինգուեյին:

Ռիլկեն դադարեց բանաստեղծություններ գրել, երբ կինը սկսեց նրան վերլուծել, իբրև դասական: Սելինջերը շուրջ 40 տարի իրեն դատապարտեց «անհայտության», միայն թե, չշոշափվի իր անունը: Սելինջերի պես չմեկուսացավ, բայց ավելի դաժան էր Էմիլ Սիորանը` իր անունը «ջնջելու» գրականության պատմությունից:

Ժամանակին նման ինքակեղեքումի մեջ էր Էմիլի Դիկինսոնը, հետո` Դիլան Թոմասը, որ ընկնավորվում էր, երբ իր ներկայությամբ վերլուծում էին իր բանաստեղծությունները, իբրև դասական:

Հրանտ Մաթևոսյանը իր վերջին օրերին վշտացած էր, ըստ հուշագիրների, թե այնուամենայնիվ, չստեղծեց այն, ինչ կարող էր ստեղծել:

Իսկ սրանց բոլորի «կաղնին», որ Շեքսպիրն է, այնքան չէր հետաքրքրվում իր գլուխգործոցների ճակատագիրով, որ նրա կտակը կասկած ծնեց՝ գուցե՞ ինքը չէ հեղինակը:

Երկու «դեպք» էլ նոբելականներից: Ավստրալիացի Պատրիկ Ուայթը, հզոր հոգեբան արձակում, չներկայացավ Նոբել ստանալու` պատճառաբանելով.- Ինչպե՞ս կարող եմ ես առանց ամաչելու իմ ձեռքով ընդունել մի մրցանակ, որ չեն ստացել Տոլստոյը, Ջոյսը, Դևիդ-Հերբերտ Լոուենսը:

Ալբեր Կամյուն Նոբել ստանալիս հայտարարեց.- Սրան պիտի արժանանար Անդրե Մալռոն: Ես դեռ սովորում եմ գրել: Հիշե՛ք. «…ես դեռ սովորում եմ գրել».- ասում է ֆրանսիական գրականության ձեզ ծանոթ տիտանը:

Իսկ հիմա հարցը — չե՞ք ամաչում, երբ նայում են ձեր աչքերի մեջ ու ասում, թե դուք արդեն դասական եք:

Մանասե