Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարը հանձնարարել է պատրաստ լինել Տավուշի բնակավայրերից բնակչության տարհանմանը

Փրկարարները պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր բնակչի, անհրաժեշտության դեպքում օգնեն պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից

Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Փիրումյանը: Նա ներկայացրել է սահմանում տիրող իրավիճակը և ձեռնարկվող առաջնահերթ միջոցառումները:

Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ
Նախարար Ցոլակյանը հանձնարարել է բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, բնակչության պատսպարման աշխատանքներին:

«Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, կապի և հեռահաղորդացության միջոցներով աշխատել մեր քաղաքացիների հետ, նույնիսկ, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից»,-ասել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև հուլիսի 13-ին Շիրակի մարզում տեղացած աննախադեպ ծավալի անձրևներին: Մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Գյոզալյանը հայտնել է, որ հնարավոր բոլոր միջոցներով իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ, տարհանվել են հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, բացվել են դիտահորեր, փրկվել տասնյակ տներ: Վիճակը կառավարելի է:

Նախարարը մտահոգիչ է համարել նաև 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գրանցված ջրահեղձումների թիվը և հանձնարարել է խստացնել հսկողությունը Սևանի ափամերձ և այլ ջրային տարածքներում: