Search
Close this search box.

Մեկօրյա լռությունից հետո ՀԱՊԿ ամոթալի հայտարարությունը

Մեկօրյա լռությունից հետո ՀԱՊԿ-ը տարածել է հայ-ադրբեջանական սահմանի իրադրության վերաբերյալ որոշում, որում մտահոգություն է հայտնում լարվածության կապակցությամբ և կոչ անում կողմերին հանդարտեցնել իրավիճակը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, թե կողմերից մեկը ՀԱՊԿ անդամ է:

Ավելի խայտառակ փաստաթուղթ, քան ՀԱՊԿ հայտարարությունն է, պատկերացնելն իհարկե դժվար է: Մյուս կողմից, ինչպես և արդեն նշել ենք նախօրեին, ՀԱՊԿ-ից ավելին սպասել պետք չէ: ՀԱՊԿ-ից թերևս պետք է պահանջել ավելին, իհարկե՝ գուցե ոչ այժմ: Այժմ պարզապես պետք է լուծել Ադրբեջանի հետ կապված ռազմական խնդիրները, խաղաղություն պարտադրել հակառակորդին: Հակառակորդի հետ հարցերը լուծելուց հետո իհարկե պետք է ձեռնամուխ լինել դաշնակիցների հարցերին և նրանց առաջ դնել պատասխանատվության խնդիր, բայց միանգամայն հստակ և միանգամայն պարզ: Ընդ որում, իհարկե հարցերը պետք է դնել նաև հակառակորդի հարցերը լուծելու միջոցով:

Այսինքն՝ խոշոր հաշվով, ՀԱՊԿ-ին պատասխանատվության դաշտ բերելու ամենակարճ ճանապարհը թերևս Ադրբեջանին խաղաղության այնպիսի պարտադրումն է, որը կառերեսի ՀԱՊԿ-Բաքու հարաբերությունը և կստիպի այդ կազմակերպությանն ի վերջո կողմնորոշվել՝ Հայաստանի՞ դաշնակիցն են, թե՞ Ադրբեջանի: Մյուս կողմից՝ այդ հարցի պատասխանը ՀԱՊԿ-ը տվել է վաղուց կամ իր հայտարարությամբ, որովհետև դաշնակցի հանդեպ ռազմական ագրեսիայի պայմաններում արվող այդօրինակ հայտարարությունը այլ բան չէ, քան աջակցություն դաշնակցի հակառակորդին:

Կարո՞ղ է Հայաստանն ինչ-որ բան փոխել իրերի այս դասավորությունում: Թերևս պետք էլ չէ: Հայաստանն ինչ-որ բան է փոխում ռեգիոնալ ռազմաքաղաքական դասավորությունում, և այդ հարցում պետք չէ ունենալ որևէ պատրանք՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, և Հայաստանն այս դեպքում չունի մտածելու խնդիր: Այս դեպքում մտածելու խնդիր ունի հենց ՀԱՊԿ-ը, որի, այսպես ասած, դաշինքային վարկը հերթական անգամ պայթում է՝ ադրբեջանական բանակի վարկին զուգահեռ: