Search
Close this search box.

Հրաժարվում են նախկինների դեմ պայքարից, գլորվում պարտության ճանապարհով

«Հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ»։ Այսպիսի ակնկալիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթօրյա ասուլիսում։ Իսկ վառած խորովածի օրինակը ցույց տվեց, որ չկա բարեփոխումների իրականացման քարտեզ։

Արդյո՞ք չկան քարտեզ և կամք, ինչո՞ւ է փոխվել իշխանությունների վարքագիծը։ Եվ ինչու՞ է գազի գնի իջեցման մասին ժողովրդական ակնկալիքը փոխարինվել Ռուսաստանի կողմից գազի գնի չբարձրացման մասին ակնկալիքով։

Վարչապետի՝ վառած խորովածի օրինակով՝ բարեփոխումներից հրաժարվելու մասին ակնարկը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները փոխել են վարքագիծը։ Հաշվի առնելով, որ ներքաղաքական կյանքում ոչինչ չի փոխվել, ապա ենթադրելի է, որ իշխանությունները մտովի հրաժարվում են բարեփոխումներից, հանձնում են ժողովրդի իշխանությունը և դառնում նախկիններ։ Սրանով, բայց ոչ միայն սրանով է բացատրվում այն, որ վարչապետի պատասխաններում նախկինների հասցեին ոչ մի թթու խոսք չհնչեց։

Նախկիների հետ պայքարի օրակարգը ձևավորում է արժեքային փոփոխության վրա խարսխված հեղափոխական պլատֆորմը և այդ արժեքների հանդեպ հասարակական աջակցությունը։ Եթե արժեքայինն առաջին տողում չի, ապա ներկաններին նույն հիմքով կարելի է մեղադրել կոռուպցիայի և հակահասարակական վարքագծի մեջ։ Ասուլիսում նախկինների մասին հարցերին անդրադառնալիս, իրավական գործընթացների մասին ակնարկներով բավարարվելով, ցույց տրվեց, որ հրաժարվում են նախկինների դեմ պայքարից, խախտում ուժերի բալանսը և գլորվում պարտության ճանապարհով։

Նժդեհի մասին հարցի համատեքստում հանիրավի ակնարկվեց ռուսների կողմից ավելի սիրված-գնահատված լինելու թեման։ Այս մրցավազքում իշխանությունները պարտվելու են նախկիններին, որովհետև նախկինների՝ ռուսների հետ ունեցած կոռուպցիոն և սոցիալական կապերն ավելի ամուր են և հուսալի։ Եթե հեղափոխությամբ եկածը ռուսների հետ սիլի-բիլի անելով զբաղվի և աճուրդի հանի սովետական բանտում սպանված հերոսի անունը, ապա կկորցնի ժողովրդի աջակցությունն ու կպարտվի։

Ռուսական կապիտալով ձեռնարկությունների և գազի գնին առնչվող հարցի պատասխանում չկար ոչինչ այն մասին, թե ինչ է անում իշխանությունը Ռուսաստանին նվիրված-հանձնվածը վերադարձնելու, գազի գինն իջեցնելու համար, այլ՝ ինչ ակնկալիք ունի ՌԴ-ից։ Հասկանալի չի նաև, թե ինչ կոմպրոմիսի մասին է ակնարկում վարչապետը։ Եթե այն ձեռք բերվի հանրային ռեսուրսներն ու իրավունքները օտարին նվիրելու-հանձնելու դիմաց, ապա այս ուղին նույնպես հանգեցնելու է իշխանափոխությանը, որովհետև Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո չի կարող լինել այնպիսի վարչապետ, որը Հայաստանի անկախության՝ ժողովրդի շահերի դեմ կգործի։

Թաթուլ Մկրտչյան