Search
Close this search box.

Նախարարի եղբոր՝ 80 միլիոն դրամի չարաշահման հետքերով

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը 5/1 ձայների հարաբերակցությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբորը, ըստ էության, համարել է պատասխանատու 80 միլիոն դրամի չարաշահման հարցում։ «Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ ՊԵԿ-ը ստուգում է իրականացրել նախկին ՏԿՆ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքում գտնվող «Վարչատնտեսական» ՓԲԸ-ում և հայտնաբերել է չարաշահումներ, որոնք վերաբերում են բառացիորեն «նախորդ դարին»։

Ստուգմամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբոր ղեկավարած կառույցում մոտ 80 միլիոն դրամի անհամապատասխանություն էր հայտնաբերվել։ Բայց դրանից հետո բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը գրավոր առարկություն էր ուղարկել Դավիթ Անանյանին և գանգատարկել ակտը, քանի որ եթե անգամ այդ 80 միլիոնի անհամապատասխանությունը իրականում կա, ապա վաղուց անցել է 3 տարի վաղեմության ժամկետը։

Բայց ՊԵԿ-ում փաստացի անդրդվելի են գտնվել, մի բան էլ ակնարկել են, որ Ցոլակյան եղբայրները պետք է շնորհակալ լինեն իրենց «մեղմ» ստուգման համար, և որ չեն արձանագրվել այլ փաստեր՝ կապված հարազատ-բարեկամներին որպես աշխատող գրանցելու և այլնի հետ։ Ավելին, մեր տեղեկություններով, ՊԵԿ-ից Ֆելիքս Ցոլակյանին «զգուշացվել» է չխորանալ, չբողոքարկել ստուգման ակտը, չհասնել դատարան, այլապես խախտման թիվը կարող է աճել»։