Search
Close this search box.

2018-ից համայնքների բյուջեն խոշորացույցի տակ. վարչապետը Գեղարքունիքի մարզում էր

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզն այդ առումով ունի ամենացածր նշաձողը և ընդգծել, որ այստեղ առկա է հավաքագրումների կարգապահության խնդիր: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2017 թվականի համար մարզի համայնքների սեփական եկամուտների աճը նախատեսվում է 9 տոկոս, այն դեպքում, երբ մյուս մարզերում այդ թիվը տատանվում է 15-20 տոկոսի սահմաններում: «Մեր բոլոր համայնքապետերը պետք է հստակ իմանան, չի կարող լինել այնպես, որ հանրապետական բյուջեով եկամուտները հավաքագրվեն 100 տոկոսով և ըստ նախատեսվածի հատկացումներ կատարվեն համայնքներին, իսկ վերջիններս ինչպես ցանկանան հավաքագրեն, պլանավորեն», — նշել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ 2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացն իրականացվելու է կոշտ հսկողության ներքո: «Մենք ցանկանում ենք ստեղծել հավասար գործընկերային հարաբերություններ: Մենք հարգում ենք համայնքապետերի իրավունքները, բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց համայնքում մի ռեժիմով պետք է գործեն, մենք՝ այլ, որովհետև մենք պետբյուջեի եկամուտները ձևավորում ենք նույն քաղաքացիների հետ աշխատանքի միջոցով, որոնց հետ համայնքապետերն են աշխատում», — ասել է վարչապետը:
Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ մարզում առկա 5 հազար 800 իրավաբանական անձանցից աղբահանության պայմանագրեր են կնքվել միայն 800-ի հետ, ինչը վարչապետն անընդունելի է համարել: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ համայնքները պետք է վերանայեն աղբահանության ուղղությամբ գործելաոճը և պահանջել է սեղմ ժամկետներում ավարտին հասցնել պայմանագրերի կնքման գործընթացը: Կարեն Կարապետյանը նկատել է նաև, որ հանրապետական միջին ցուցանիշից Գեղարքունիքի մարզի ցուցանիշն այդ ուղղությամբ ամենացածրն է:
[smartslider3 slider=14]