Search
Close this search box.

Չինաստանի Ուհան քաղաքում ՀՀ 6 քաղաքացի կա. ԱՆ մասնագետները՝ կորոնավիրուսի մասին

Առողջապահության փոխնախարար Լենա Անուշյանը և ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանն այսօր լրագրողներին ներկայացրեցին նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների համակարգումը:

Լիաննա Թորոսյանը տեղեկացրեց, որ այս պահին Չինաստանի Ուհան քաղաքում են գտնվում ՀՀ շուրջ 6 քաղաքացի՝ 3 ուսանող և պայմանագրային հիմունքներով 3 աշխատող. «Բոլորի հետ կապը պահպանված է և, ըստ իրենց ցանկության, ԱԳՆ-ն պատրաստ է համապատախան քայլեր ձեռնարկել: Նրանք տանից դուրս չեն գալիս, գանգատներ չունեն այս պահի դրությամբ, նաև սննդակարգին են հետևում»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ այս հիվանդությունը կարելի է նմանեցնել գրիպին: Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, դրանք գրանցվել են հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ: Վերջինը Չինաստան մեկնողներին խորհուրդ տվեց օգտագործել լավ եփված սնունդ, շշալցված ջուր, իհարկե՝ հորդորելով մոտակա երկու ամիսը սահմանափակել այցելություններն այդ երկիր:

Լենա Անուշյանն էլ տեղեկացրեց, որ կորոնավիրուսը նոր հիվանդության տեսակ է և առաջին անգամ են դեպքերը գրանցվում: «Այս պահի դրությամբ, ԱՀԿ-ի տվյալներով, 4537 հաստատված դեպք է գրանցվել՝ 106 մահվան ելքով»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ԱՆ-ն միաժամանակ, տեղեկատվություն է վերցնում նաև այլ աղբյուրներից:

Փոխնախարարը նշեց, որ բացի Չինաստանից, կորոնավիրոսի դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Կորեայում, Թաիլանդում, Ավստրալիայում: Այս հիվանդության հիմնական դեպքերն սկսվել են Չինաստանի Ուհան քաղաքից: Վարակի փոխանցման պատճառ են եղել Ուհան քաղաքի շուկայում ծովամթերքի և կենդանիների վաճառքի կետերը, և չի բացառվում, որ վիրուսը վայրի կենդանիներից կամ ծովային կենդանիներից է փոխանցվել մարդուն:

Հարցին՝ մենք առևտրային կապի մեջ ենք Թուրքիայի հետ, արդյոք վտանգ տեսնո՞ւմ եք, ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանն ասաց, որ հագուստի միջոցով փոխանցման որևէ մեխանիզմ գոյություն չունի: «Մարդուց մարդ փոխանցվում է Չինաստանում, բայց այն երկրներում, որտեղից բերովի դեպքեր են արձանագրվել, դեռևս հիվանդության արձանագրում չկա»:

Ինչ վերաբերում է Վրաստանի դեպքին, գլխավոր մասնագետը տեղեկացրեց, որ երեկ հեռախոսակապով զրուցել է Վրաստանում իր գործընկերոջ հետ և վերջինը հերքել է այդ հիվանդության առկայությունն իրենց երկրում: «Ես իր խոսքն եմ հայտարարում հիմա. նա ասաց, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում»: