Search
Close this search box.

Ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանի վերադարձի դեպքում

Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՏՄ կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է վերադառնալ Հայաստան և բավականին ակտիվորեն ներգրավվել ՀՀ քաղաքական դաշտի զարգացումներին։

Ինչպես հայտնի է, 2020-ի փետրվարին լրանում է ԵՏՄ-ում Սարգսյանի նախագահության ժամկետը (ռոտացիոն կառավարման սկզբունքի համաձայն, ԵՏՄ նախագահությունը հաջորդիվ կստանձնի Բելառուսը), և նա ԵՏՄ-ում, մեծ հաշվով, այլևս անելիք չունի։

Թերթի աղբյուրը չի բացառել, որ նախկին վարչապետի՝ ՀՀ քաղաքական դաշտ վերադարձը լինի նոր ուժի տեսքով, որի ներկայացուցչական կազմը հնարավոր է բավականին տպավորիչ լինի։

Միաժամանակ թերթի կառավարական աղբյուրները, որոնք, ի դեպ, նույնպես կանխատեսում են, որ Սարգսյանը, ՀՀ վերադառնալով, ակտիվորեն ներգրավվելու է քաղաքական գործընթացների մեջ, նշում են, որ իշխանությունները Սարգսյանի վերադարձի հանգամանքը պահում են իրենց խոշորացույցի տակ։

Մեր աղբյուրը փոխանցել է նաև, թե չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստան վերադարձը ուղեկցվի տարբեր քրեական գործերում նրան ներառելու փաստով։

Մասնավորապես, կառավարության կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նախատեսում են Սարգսյանի՝ ՀՀ վերադարձից հետո, հատկապես եթե նա ընդգծված ընդդիմադիր դիրքավորում ունենա, հանգամանալից քննության ենթարկել նրա վարչապետության տարիները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: