Search
Close this search box.

Բանակի տոնի, զինվորի ռոումինգի հաշվին փող աշխատեն, ArmLife.am-ից էլ հերքո՞ւմ պահանջեն

ArmLife.am-ը «Վիվա-ՄՏՍ» անվանումով ընկերությունից  մի տեքստ է ստացել, որով այդ ընկերությունը պաշտոնապես ցանկանում է, որ մենք հերքենք հունվարի 21-ին մեր կայքում՝ «Բանակի օրվա առթիվ «ՎիվաՍել»-ն իր հաշիվներն է ավելացնում» վերնագրով հրապարակված հոդվածը:  Մենք ոչ միայն չենք հերքելու այդ հոդվածը, այլև  մի քանի հավելումներ կկատարենք հոդվածում արծարծված խնդիրների առիթով:

Այո, մենք պնդում ենք, որ որևէ մեկը «Վիվա-ՄՏՍ» ընկերությանը բարոյական իրավունք չի տվել Հայոց բանակը և նրա տոնը օգտագործել սեփական գովազդի համար, մասնավորապես զեղչեր գովազդելու և ինչ- որ սմարտֆոններ իրացնելու համար: Կարո՞ղ է այս ընկերությունը կամ նրա ղեկավար Յիրիկյանը գոնե ինչ-որ տրամաբանական բացատրություն տան այն հարցին, թե ինչ կապ կա իրենց կողմից վաճառվող սմարտֆոնների և Հայոց բանակի միջև, բացի  այս տոնը սեփական, նեղ ֆինանսական շահերի համար օգտագործելը:

Սա անթույլատրելի  արարք է, որին ընդունակ է միայն նա` ում բացի անձնական և կորպորատիվ շահից գուցե թե ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Այս ամենը  հոդվածի բուն բովանդակության մասով, որում մենք պնդել և այժմ էլ շարունակում ենք պնդել, որ կոմերսանտներն իրենց գովազդով զբաղվելիս թող հնարավորինս հեռու մնան մեր բանակից: Մենք շարունակում ենք պնդել նաև, որ «Վիվա-ՄՏՍ»-ը շարունակում է հարստանալ մեր բանակի զինվորների և նրանց ծնողների, հայ սպաների ու նրանց ընտանիքի անդամների հարստահարման վրա:

Ինչ վերաբերվում է ռոումինգին և դրանով  փող աշխատելուն:  Արցախում գործող «Ղարաբաղ Տելեկոմ» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունները քույր կազմակերպություններ են:  Պատահական չէ, որ սկզբնական շրջանում, երբ «ՎիվաՍել» ընկերությունը մուտք գործեց հայաստանյան կապի շուկա, նրա հիմնադիրը հենց «Ղարաբաղ Տելեկոմ»-ն էր, իսկ Ռալֆ Յիրիկյանը սկզբում հենց ընկերության ղարաբաղյան կառույցի ղեկավարն էր: Հնարավոր է, որ կազմակերպչաիրավական իմաստով դրանք տարբեր կառույցներ էին, բայց  դա ընդամենը արտաքին փաթեթավորումն էր:

Ինչ վերաբերվում է Յիրիկյանի և նրա ղեկավարած կառույցի այն պնդումներին, որոնք հնչել են տարբեր հարցազրույցներում,  թե «Վիվա-ՄՏՍ» ընկերությունը գործունեություն է ծավալում միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում և իրենց տրված լիցենզիան էլ հենց այդ սահմանների շրջանակներում է, ապա ասենք, որ ռոումինգի բացառումը դա լիցենզիայի հետ որևէ առնչություն չունի, և դա Արցախում և Հայաստանում գործող կապի օպերատորների ներքին պայմանավորվածության հարցն է:

Ավելին, «անտեղյակներին» տեղեկացնենք, որ 2017թ. հունիսի 15-ից ռոումնիգը վերացվել է Եվրոմիության անդամ 27 երկրներում, և Պորտուգալիայում գնված սիմ քարտով կարելի է նույն տարիֆով զանգեր կատարել ասենք Լեհաստան կամ Հունգարիա: Եվ ամենևին պարտադիր չէ, որ պորտուգալական կապի օպերատորը լիցենզիան ստացած լինի ԵՄ ամբողջ տարածքի վրա: Եվ հիմա ստացվում է, որ Լիսաբոնից Պրահա կարելի է զանգահարել սովորական տարիֆով, իսկ Գորիսի Տեղ գյուղից հարևան Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղ՝ ռոումինգով:

Ինչպես ասում են՝ Աստված մեզ հեռու պահի կեղծ «հայրենասերներից»:

Հ.Գ. Հերքման տեքստում փորձ է արվում մեզ մեղադրել միակողմանիության և միտումնավորության մեջ, որ մենք թիրախավորել ենք միայն «Վիվա-ՄՏՍ» ընկերությանը, շրջանցելով հայաստանյան կապի մյուս օպերատորներին, որոնք ևս Արցախ կապը իրականացնում են ռոումինգով: Արցախում գործող «Ղարաբաղ Տելոկոմ»-ը ունի բացարձակ մենաշնորհ, և հայաստանյան կապի մյուս օպերատորները ուզեն թե չուզեն պետք է աշխատեն նրա հետ: Իսկ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը և «Վիվա-ՄՏՍ»-ը քույր կառույցներ են եղել, առնվազն իրենց ստեղծման առաջին շրջանում: Այնպես որ, միայն ադմինիստրատիվ միջոցներով է հնարավոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ին ստիպել, որ նա վերացնի հանրությանը հարստահարելու այդ գործիքը, այնպես՝ ինչպես ԵՄ ղեկավարությունը մի օր որոշեց, որ կապի օպերատորները իրավունք չունեն աստղաբաշխական գերշահույթ ստանալ ԵՄ-ում բնակվող գրեթե 500 մլն բնակչության հաշվին:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

ArmLife.am-ը սկսում է  լայնամասշտաբ հետաքննություն իրականացնել «Վիվա-ՄՏՍ» ընկերության մասով:

Եթե դուք ունեցել եք կամ ուենք Արցախում զինվոր, ապա կարող եք խմբագրությանը ներկայացնել, թե ամսական որքան գումար եք հատկացնում ռոումինգ ռեժիմով նրա հետ կապ հաստատելու համար: Ձեր մտահոգությունների մասին կարող եք գրել մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին կամ [email protected] էլեկտրոնային փոստին:

Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովված է: