Search
Close this search box.

ՊՆ ծառայողը КамАЗ-ով դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել դպրոցականին. վերջինս հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, և թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։

Բնակիչներն անգամ սպառնում էին փակել ճանապարհը, սակայն դասակի հրամանատար Մ. Սիմոնյանը իրավիճակի մասին տեղեկացրեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, ով հանձնարարեց, որպեսզի տեղում ուսումնասիրեն խնդիրը և հարցը լուծվի՝ ի շահ բնակչի։