Ռուսաստանում Պուտինի հապճեպ նախաձեռնած փոփոխությունները, որոնք վերաբերում են պետական կառավարման համակարգում լիազորությունների վերաբաշխմանը եւ իր անձնական քաղաքական ապագային, փորձագետներին առիթ են տվել խոսել նաեւ Ռուսաստանի արտաքին քաղաքական նպատակների մասին:
Նշվում է, որ Ռուսաստանը մտադիր է կենտրոնանալ հետխորհրդային տարածքի վրա, մի կողմից՝ «հակառուսական տրամադրությունների», մյուս կողմից՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված իրավիճակի ռեւիզիայի իմաստով: Մոսկվայում հայրենական պատերազմի 75-ամյակի շեմին ստեղծված գրեթե հիստերիկ մթնոլորտը կարծես թե վկայում է հենց այդ մասին:
Խոսքն առաջին հերթին մերձբալթյան պետությունների, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի մասին է: Հայկական ուղղությամբ խոսել չի համարձակվում նույնիսկ Վլադիմիր Պուտինը: Միեւնույն ժամանակ, անխուսափելի ակնարկները վկայում են, որ հայկական ուղղությունը հիմնականն է լինելու:
Կրեմլի մերձավոր վերլուծական գործակալությունն, օրինակ, անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարվածությանը, գրում է, որ ԱՄՆ-ն զգուշանում է, որ «Իրանի անկումը» Ռուսաստանին կհանի ոչ միայն այդ երկրի պաշտպանության առաջնագիծ, այլեւ կհանգեցնի Արաքսի երկայնքով պատմական սահմանների ամրապնդմանը:
Արաքսի ափին մարտունակ ստորաբաժանումներից բաղկացած բանակային կառույց տեղադրելու մասին խոսակցությունները նոր չեն: Այստեղ սակայն էական է Արաքսի երկայնքով պատմական սահմանների հանգամանքը: Դա ԽՍՀՄ սահմանն է Թուրքիայի ու Իրանի հետ: Մի մասը ներկայում վերահսկում են հայկական բանակը եւ ռուս սահմանապահներն ու #102 կայանի բանակայինները, մնացյալ մասն անցնում է ԼՂՀ հարավով եւ Նախիջեւանով:
Այս հատվածը իր ներկա վիճակով ոչ մի պարագային Կրեմլի պատկերացումներով «պատմական» համարվել չի կարող, քանի որ 1921թ. դրությանը հակառակ, նշված հատվածը վերահսկում են բացառապես Հայաստանն ու Ադրբ. Հանրապետությունը՝ ոչ Ռուսաստանը:
Սահմանը որոշվել է ռուս-թուրքական 1921թ. պայմանագրերով, որով Նախիջեւանը օտարվել է Հայաստանից եւ դրվել Բաքվի պրոտեկտորատի տակ՝ կարգավիճակի Ռուսաստանի եւ Թուրքիայի երաշխավորությամբ:
Իրականում Նախիջեւանը ներկայում անցել է Թուրքիայի ենթակայության տակ՝ այնտեղ կա թուրքական ռազմական ներկայություն: Իլհամ Ալիեւը վերջերս հայտարարեց, որ կրճատելու է այդ ինքնավարության դոտացիան, ենթադրվում է՝ թուրքական տնտեսական ներկայության մեծացման հաշվին:
Իրանի «անկման» դեպքում, այսպիսով, հնարավորություն է առաջանում ռեւիզիայի ենթարկել նաեւ տարածաշրջանի այս մասը: Հարցը հետեւյալն է. ռեւիզիան վերաբերո՞ւմ է ՄԱԿ եւ հայկական պետության տեսանկյունից անվավեր ռուս-թուրքական 1921թ. պայմանագրերին:
Անկախ այս հարցի այո կամ ոչ պատասխաից, «խալխի» ռազմական բախման կամ ռուս-թուրքական նոր համաձայնության «պտուղները» չճաշակելու առումով կենսական անհրաժեշտ է Երեւանի հստակ դիրքորոշումը Ախուրյան-Արաքս սահմանագծի, Նախիջեւանը ներառյալ, եւ #102 ռուսական ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ: Հին կարգավիճակները անհամատեղելի եւ անհանդուրժելի են:
Նյութի աղբյուր. Lragir.am