Search
Close this search box.

ՖՈՏՈ. Գյուղացիները հայտարարում են, որ վանդալիզմի հեղինակը Արարատի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է

Այսօր՝ հունվարի 22-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել բնության նկատմամբ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այգավան գյուղի վարչական տարածքում քոքից կտրել են 200-ից ավելի տարբեր տեսակի պտղատու ծառեր։ Տականքը կամ տականքները կտրել են ծիրանենի, տանձենի, խնձորենի, բալենի, ընկուզենի և այլ տեսակի ծառեր, որոնք տնկվել են 20-25 տարի առաջ։ Կային նաև ծառեր, որոնք մատղաշ էին, և տականքների ձեռքը անգամ այդ ծառերի վրա է գնացել։

Նշված հատվածում գտնվող մի քանի գյուղացիներ ասում էին, որ իրենք այս վանդալիզմի մեջ կասկածում են Արարատի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին. «Միայն նրա նման հայրենիք չսիրողը նման ոտնձգություն կկատարեր»։
Կայքի հարցին՝ ինչքանո՞վ են վստահ, որ Ա. Գրիգորյանն է այս ամենի հեղինակը, գյուղացիներն ասում էին. «Եվ վստահ ենք, և համոզված։ Եթե նա չկտրեր էլ, ապա նրա դաբռոյով են ծառերի հերն անիծել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայքարում է նման տզրուկների ու թափթփուկների դեմ և աշխատանքներ է կատարում, որպեսզի հանրապետությունում ավելանան կանաչ զանգվածները, մինչդեռ Ա. Գրիգորյանի նմանները նման ծանր հանցագործություն են կատարում։

Ի՞նչ տարբերություն՝ 1 տարեկան երեխայի սպանես, թե 1 տարվա մատղաշ ծառը քոքից կտրես։ Դա էլ է հանցագործություն։ Հույս ունենք, որ ոստիկանութունը կհայտնաբերի ծառասպաններին, ովքեր օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության»։
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրատվում։