Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ օրում մի քանի գրպանահատ է ոստիկանության բաժին տարվել, նրանցից մեկը գեներալի ծննդավայրից է եղել

Հունվարի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երեք դեպք բացահայտվեց:
Գողություններից երկուսը Կենտրոն վարչական տարածքում էր կատարվել` հունվարի 18-ին: Ոստիկանության Կենտրոնական բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Թումանյան փողոցում իր վերարկուի գրպանից բջջային հեռախոս են գողացել: Մյուս դեպքը, րոպեների տարբերությամբ, Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում էր կատարվել. օտարերկրյա մի քաղաքացուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, ID քարտ, զեղչի և կուտակային քարտեր:

Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Արշալույս գյուղի 31-ամյա մի բնակիչ: Հունվարի 20-ին կասկածվողը Երևանի Կուրղինյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն: Գողացված բջջային հեռախոսը հայտնաբերվեց:

Երրորդ դեպքը հունվարի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում գրանցվեց: Ժամը 13-ի սահմաններում թիվ 259 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական, մեքենայի տեխանձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները որոնողական աշխատանքներ իրականացրին և մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվեց:

Քրեական հետախույզները Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի 43-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: